Ռիբոսոմներում ի-ՌՆԹ-ի հետ փ-ՌՆԹ-ների փոխազդեցության և ամինաթթուների միմյանց միացման պատկերը

Բջջի կորիզում գտնվում են քրոմոսոմները, որոնք կազմված են ԴՆԹ-ի մոլեկուլից և սպիտակուցներից։ ԴՆԹ-մոլեկուլում հատուկ ծածկագրով (գենետիկական կոդ) գրանցված է բջջի բոլոր սպիտակուցների սինթեզի մասին տեղեկատվություն։ Սպիտակուցի կենսասինթեզի մասին տեղեկատվությունը գաղտնագրված է ԴՆԹ-ի մոլեկուլում /գեներ/։ Սինթեզվող սպիտակուցում ամինաթթուների հերթականությունը պայմանավորվում է ՌՆԹ-ի նուկլեոտիդների երեքական համակցությունների (տրիպլետ, կոդոն) հաջորդականությամբ։ Ամինաթթուները միանում են իրար պեպտիդային կապերով և ռիբոսոմներում ձևավորվում է պոլիպեպտիդային շղթան։ Սպիտակուցների կենսասինթեզի մասին ժառանգական ինֆորմացիան կորիզից ռիբոսոմներ է հասնում ինֆորմացիոն ՌՆԹ-ներով (ի-ՌՆԹ)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են յուրաքանչյուր գենի, այսինքն սպիտակուցների կենսասինթեզի մասին ինֆորմացիա պարունակող ԴՆԹ-ի հատվածի պատճեները, քանի որ սինթեզվում են ԴՆԹ-ի այդ հատվածների վրա։ Ի-ՌՆԹ-ի սինթեզը ԴՆԹ-ի որոշակի հատվածի վրա ըստ էության ժառանգական տեղեկատվության արտագրման գործընթաց է (տրանսկրիպցիա)։ Պրոցեսն ընթանում է ՌՆԹ-պոլիմերազ ֆերմենտի մասնակցությամբ։ Ի-ՌՆԹ-ի մոլեկուլը միանում է ռիբոսոմի հետ, առաջացնելով ակտիվ կոմպլեքս՝ պոլիսում: Ցիտոպլազմայում կան փ-ՌՆԹ-ն ակտիվացնող ֆերմենտներ, որոնք իրականացնում են համապատասխան ամինաթթվի միացումը փոխադրող ՌՆԹ-ների (փ—ՌՆԹ) հետ: Առաջանում է փ-ՌՆԹ-ամինաթթու կոմպլեքսը։ Վերջիններս տեղափոխվելով պոլիսոմներ իրենց գագաթի վրա առկա անտիկոդոնով ճանաչում են իրենց տեղը ի-ՌՆԹ-ի շղթայի վրա՝ միանալով տվյալ ամինաթթուն կոդավորող տրիպլետին: Ամինոթթուների միջև առաջանում է պեպտիդային կապ: Պոլիսոմներում իրականանում է նուկլեինաթթուների մեջ նուկլեոտիդների հաջորդականության ձևով գրված ժառանգական տեղեկատվության թարգմանությունը սպիտակուցների ամինաթթուների հաջորդականությամբ (տրանսլյացիա)։ Պրոցեսն ընթանում է բազմաթիվ ֆերմենտների, սպիտակուցների և այլ միացությունների մասնակցությամբ, էներգիայի զգալի ծախսով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *